«Global to Local»-ի հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտ հոկտեմբերի 25-27-ը մասնակցել է 2023 թվականի Համաշխարհային հակաբուլինգային ֆորումին (World Anti-Bullying Forum), որը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռալի քաղաքում:
Ֆորումին ներկա էին մոտ 600 մասնակիցներ՝ երիտասարդներ, հետազոտողներ, պրակտիկանտներ, քաղաքականություն մշակողներ, մանկավարժներ և այլ մասնագետներ, որոնք ներկայացնում էին ավելի քան 30 երկրներ: Ֆորումի բացման արարողությանը ելույթ ունեցավ Դանիայի թագաժառանգ արքայադուստր Մերի Էլիզաբեթը և Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ռոյ Կուպերը: Երկուսն էլ խոսեցին երիտասարդների վրա բուլինգի ազդեցության մասին և բարձր գնահատեցին ներկաների հանձնառությունը՝ կանխելու բուլինգը:
Համաժողովում ներկայացվեց բուլինգի նոր սահմանումը. «Դպրոցում բուլինգը վնասակար սոցիալական գործընթաց է, որը բնութագրվում է ուժերի անհավասարակշռությամբ, որը պայմանավորված է սոցիալական (հասարակական) և ինստիտուցիոնալ նորմերով: Այն հաճախ կրկնվում է և դրսևորվում որպես աշակերտների կամ դպրոցի անձնակազմի միջև անցանկալի միջանձնային վարք, որը ֆիզիկական, սոցիալական և հուզական վնաս է հասցնում թիրախավորված անհատներին կամ խմբերին և ավելի լայն դպրոցական համայնքին»:
WABF-ը ստեղծվել է 2017 թվականին «Friends» շվեդական հասարակական կազմակերպության կողմից, որը մեծահասակներին տրամադրում է հետազոտության վրա հիմնված գործիքներ՝ բուլինգը կանխելու համար: